Գլոբալ խաղը, այո, փոխվում է: Պտույտի մեջ է ԱՄՆ-ի նոր դոկտրինը: Հանրապետականների «այիբները» լվալու եկած փափուկ դեմոկրատները վերջապես ցույց են տալիս իրենց իրական դեմքը և անցնում «կոնտրհարձակման»: Բոլոր ուղղություններով:
ԻՍԿ ԲԺԵԶԻՆՍԿԻՆ ՀԱ՜Յ Է
Օբաման արդեն առանց երկնչելու բարձրաձայնում է` Բուշի կողմից դեմոկրատիան թունավորվելուց հետո իրենք կանգ չեն առնելու աշխարհը դեմոկրատացնելու առաքելությունում:
Իհարկե, էստեղ վիճելու «թեմա» կա, որովհետև Բուշի «թունավոր» դեմոկրատիան, մի կողմից, ԱՊՀ երկրների վրա փորձարկվեց և` խիստ անհաջող (Սաակաշվիլին մասամբ բախտախնդրություն դրսևորեց, իսկ Յանուկովիչը դուրս եկավ և այլևս չվերադարձավ, Անդիջանն էլ արյունոտ ստացվեց), բայց այդ «թունավորումը» գոնե այնքան արյունոտ չէր, ինչի ականատեսն ենք ասօր:
Չնայած, մյուս կողմից էլ, դեմոկրատիայի թունավորման այնպիսի «ակցիա», ինչպիսին տեղի ունեցավ և շարունակվում է Իրաքում, արձանագրումն է, որ հանրապետականների դեմոկրատիան նարինջների ու վարդերի կողքին արյան ծորաններ, իրոք, շատ ուներ:
Փաստորեն, աշխարհի դեմոկրատացումն այսօր հասել է այնպիսի փուլի, երբ փորձ է արվում այն իրականացնել վիրտուալ, իբր` անարյուն, Wikileaks-ի պրեմիերաների միջոցով, սակայն պարզվում է, որ ոչ այնքան Բժեզինսկու, որքան Չեռնոմիրդինի տեսությունն է մշտապես արդիական` ցանկանում էին լավ, բայց տեսաք, թե ոնց ստացվեց:
Թունիսում փորձ արվեց արաբական (և ոչ միայն) աշխարհի ենթագիտակցության մեջ «հեղափոխություն» իրականացնել, որից հետո համեմատաբար հեշտ կլիներ արաբական աշխարհի ողջ կծիկի քանդումը` մարիոնետին սեփական խաղ թելադրելու համար:
Այո, Օբաման գնում է երկրորդ պտույտի և պետք է կարողանա իր առջև դրված «վերաբեռնման», արաբական աշխարհի վերափոխման իր նախնական խոստում-դոկտրինը ցանկացած գնով իրականացնել:
Ինչ կստացվի դրանից, դժվար է ասել: Ինչպես ցույց են տալիս Եգիպտոսի դեպքերը, արաբական աշխարհը բուֆերի վերածել, կրկնել Թունիսը` եգիպտական անապատներում, ուր կարծես շատ երկար էր թափառել Մովսես մարգարեն, և այդ փորձը պետք է օգնության հասներ քրիստոնյա Ամերիկային, բայց ոնց երևում է, Օբամայի արաբական սկիզբը պակաս «խոսուն» չէ, և առայժմ չի հաջողվում Եգիպտոսում դեմոկրատիա «անել», զի հակազդեցությունն ահավոր հզոր է:
Եվ այնուհանդերձ, ոնց երևում է, աշխարհի նույնքան հզոր խաղացողները պայմանավորված են, այս մասով: Դա է ապացուցում Ռուսաստանի դիրքորոշումը` պասիվ հայեցողական, ԵՄ-ի մասին խոսք լինել չի կարող, ինչպես տեսնում ենք` Չինաստանը նույնպես շատ «ակտիվ» չէ:
Ընդ որում, կարծես արաբական աշխարհը ևս բերվում է հարկավոր «կոնդիցիայի»: Ամենևին պատահական չէ, որ Լիբանանում «Հըզբոլահին» քարտ-բլանշ տրվեց: Հիմա էլ խոսվում է Աֆղանստանում թալիբների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու մասին:
Հիշենք, որ կոալիցված (և ոչ թե առճակատման, Սադամին կախելու) սկզբունքով աշխարհն իրենով անելու Բժեզինսկու տեսությունն է ընկած այս ամենի հիմքում: Դոկտրինի հիմքերից մեկն էլ Չինաստանն է, և այդ ուղղությունն օրերս Օբամայի վարչակազմը համարեց առաջնահերթություն:
Բայց, սիրելի «ախպերներ», իմացած լինեք, որ ԱՄՆ-ի նոր դոկտրինի առանցքն այնքան էլ նոր չէ, և երբ մենք` հայերս, «թատրոն ունեինք», իսկ մյուս ազգերը «ծառից ծառ էին թռչում» (իսկ ամերիկացիք էդ ժամանակ «վաբշչե» չկային), ժողովուրդն օգտագործում էր հետևյալ «դոկտրինը». «Իջիր` ոտները համբուրիր, բարձրացիր` գլուխը կտրիր» (բա իհարկե, ամերիկյան քուրմ Բժեզինսկու արմատները պետք է որ հայկական լինեին, ուրիշ կերպ չի լինում` Ամերիկայի ու մեր դեպքում, հա՜, Ավստրիայի էլ):
Իսկ եթե քաղաքագիտորեն կարճ ու լակոնիկ, ապա «գլուխ կտրող», Սադամ կախող հանրապետականներին փոխարինելու են եկել համբուրող (Հուդային չհիշել) դեմոկրատները, որոնք ևս միլիմետրիկ ճշգրտությամբ ձևելու են աշխարհը` ի պատկեր յուրում: Հաղթելու դեպքում նրանց չեն դատելու, պարտվելու դեպքում էլ հանրապետականները կգան նրանց սխալները լվալու:
Այո, այն, ինչից վերևում խոսեցինք, շատ մեծ նորություն չէ: Այն, ինչի մասին ստորև կխոսենք, նույնպես «նոու հաու» չէ, սակայն, որպես կիրառական գործառնություն, նոր-նոր է առարկայանում:
Բանն այն է, որ մինչև վերջերս գլոբալ աշխարհը «դուրնոյ» տոն էր համարում կրոնական շեշտադրումներով հարցերի «լուծումը», և ամեն ինչ արվում էր, որ այդ կոնտեքստը բացահայտ քաղաքական աստառի չվերածվի, որովհետև, հասկանում եք, դեմոկրատիան նախ և առաջ հանդուրժողականություն է` Պլատոնի հանդեպ: Դե, էլի: Դու կարող ես արաբին ու մահմեդականին չսիրել, նրա աստծուն էլ, բայց տեսակետ հայտնելու նրա իրավունքը պիտի հարգես:
Այսպիսով, վերջին շրջանի ինչ-ինչ զարգացումներ, բարձրաձայնումներ գալիս են ասելու, որ այս առումով նույնպես իրավիճակ է փոխվում, ու թե ուր կհասնեն այս տենդենցները, դժվար է կռահել, սակայն որ նման վեկտոր առկա է, ու գլոբալ խաղն իր բաղկացուցիչներով (այդ թվում և` 1700-ամյա քրիստոնյա Հայաստանը) փորձում են տեղավորել այս «ծիրին» մեջ, աներկբա է:
Ընդ որում, չենք բացառում, որ արաբական աշխարհը պայթեցնելուց հետո այդ մոտեցումը ևս համարվի տարժամանակյա: Առավել ստույգ լռեցվի` մինչև նոր «դոկտրիններ»: Մինչ կանցնենք այս առումով հայաստանյան «փոքրիկ ածուին», մեկ պստիկ խոսք էլ Ռուսաստանի վերջին զարգացումների մասին` վերը նշված ֆոնին:
«ԵՍ ԼՐՏԵՍ ԵՄ, ՈՒՆԵՄ ԶԵՆՔ ՈՒ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ»
Այո, օդում մնաց հարցականը, թե ում էր ուղղված Մեդվեդևի հաթաթան (չէ, հո չե՞նք ասում այդ «պակետում» կարող էր և փայ ունենալ Պուտին Վլադիմիրովիչը), թե որքան էլ «Դոմոդեդովոյի» ահաբեկչական ակցիայով փորձ արվեց կանխել իր «մուտքը» Դավոս, ինքը Դավոսում է, և այդ միտքը փայփայողները «պրոսչյոտ» թույլ տվեցին:
Իսկ գուցե ահաբեկչությունը երկակի օգտագործմա՞ն էր: Բայց որ այն լավ «հաշվարկված» էր, երկրորդ կարծիք չի կարող լինել:
Բոլոր դեպքերում, Մեդվեդևը Դավոսում էր` մոդեռնիզացիոն ելույթով, Դավոսում Ռուսաստանը հարսնացավ ոչ միայն «Բրիթիշ պետրոլիումի» հետ (էն մեր «բրիթիշ» Արմեն Սարգսյանն էդ կողմերո՞ւմ, է էլի) պայմանագիր կնքելով, այլև համաշխարհային մի շարք այլ հայտնի ընկերությունների հետ կարողացավ համաժամանակյա «ամուսնանալ»:
ՈՒ Պուտին Վլադիմիրին, որն ամռանը` Մոսկվայի հրդեհի օրերին, ինքնաթիռ էր քշում (պարզվում է` օրենքի խախտմամբ), մեքենա էր վարում, հիվանդ երեխաների բարեգործության օրը երգում-նվագում էր` պոպուլիզմ չխնայելով, այլ բան չէր մնում անելու դավոսյան այդ օրերին, քան պատմել «շպիոնի» մասին չեկիստական անեկդոտը` խիստ բազմաֆիգուր ժպիտով:
Ասել է` Պուտինը շատ լավ հասկանում է, որ Դավոսը, որն «օրենքով» տնտեսական «կառույց» է, այնուհանդեձ, այնտեղ են կայացվում ապագա աշխարհին վերաբերող քաղաքական կարևորագույն որոշումները: Դավոսում էր կայացվել նաև որոշումը, որ 95-ին (կամ 96-ին) պետք է Ելցինը երկրորդ անգամ դառնա Ռուսաստանի նախագահ:
Ահա թե ինչու էր Մեդվեդևն շտապում լինել Դավոսում:
Իսկ մեզ մնում է կրկնել Պուտինի անեկդոտի հայտնի «տողը». դե գնա՛ ու արա «լրտեսությունդ»` գործդ, ու մեզ մի խանգարիր աշխատել:
ՀԱՅԵ՜Ր
Հայաստանը կրկին թևակոխել է դրսից ճնշումների պերմանենտ փուլ: Այս պահին` Արևմուտքից, իսկ ռուսական պակետը կերևա ՄԽ համանախագահների տարածաշրջան այցից հետո: Իհարկե, առանձին քննարկման թեմա են ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման հանգամանքն ու մեր` հայկական ճամարտակող պատվիրակության պահվածքի, էժան պոպուլիզմով երկրի վարկն ու իմիջն իսպառ եվրոպական ատյաններում (այդ թվում և` Բադեն-Բադեններում) «կիրառելու» խնդիրը, սակայն առայժմ` է՛լ ավելի կարևորի մասին:
Հատկանշականն այս փուլում այն է, որ շատ քիչ պատահող դեպքերից է, որ թե՛ ՀՀ նախագահը, թե՛ ԱԳ նախարարը գրեթե համաժամանակյա հարցազրույց են տալիս, և այն էլ` ռուսական լրատվամիջոցներին («ի՞նչ էնենք, որ «Ռաշըն թու դեյն» անգլերեն է, ու «էդ շորը Նալբանդյանին շատ կսազա», իմա` նա շատ լավ է խոսում անգլերեն):
Եթե «իդենտիֆիկացնենք» այդ երկու հարցազրույցները, հասկանալու` ո՞րն էր գլխավոր լեյտմոտիվը, ապա պետք է արձանագրել. Սերժ Սարգսյանը` սպառիչ, Նալբանդյանը` խիստ դիվանագիտական մաներայով, ասում են, որ գերտերությունները, որոնք կարողացել են պայմանավորվել արաբական ուղղությամբ, «հարձակողական ռակետների», կարծես անգամ` «ՊՐՕ»-ների ու ՆԱՏՕ-ի «գետնին» վրա, այս փուլում հնարավոր է փորձեն Հարավային Կովկասում նույնպես ինչ-ինչ արդյունքների հասնել, այնուհանդերձ, այս պահին որևէ տեղաշարժ խնդրում շատ դժվար է ապահովելը, որովհետև երեք սկզբունքներն ու վեց ենթակետերը մեկ ամբողջություն են, իսկ Ադրբեջանը «կարդալ» չգիտե և կարողանում է տառկապ անել միայն մեկ սկզբունք: Ասել է, ինչպես Ադրբեջանը տապալեց 2001-ի «փարիզյան» համաձայնությունը, այնպես էլ փորձում է տապալել այսօրվանը: Եվ որ ամենակարևորն է` Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ տառաճանաչ դառնալու, այլև իր հասարակությանը մեկ ելք է ներշնչում` պատերազմ:
Իսկ Հայաստանը համ տառաճանաչ է, համ պահում է խաղը` «երեք-վեց»-ի մասով, համ էլ չի գնա որևէ ծնունդ-հարսանիք` առանց Ղարաբաղի:
Ասել է` Հայաստանը կանխավ (իսկ գուցե և Ռուսաստանի գիտությամբ) պատրաստում է Մոսկվայում 10 օր հետո սպասվելիք Ալիև-Սարգսյան-Մեդվեդև հանդիպման հիմքերը:
Բայց թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նալբանդյանի հարցազրույցներում կա հետաքրքիր մի եզրույթ ևս. «Իսլամական կոնֆերանսի երկրներ»: Երկուսն էլ հավասար հիշողությամբ հարկ են համարում անդրադառնալ այդ «կոնֆերանսին»:
Դե չէ, ոչ այն բանի համար, որ, երբ մենք «թատրոն ունեինք», ուրիշները… հասկացաք: Պարզապես էն Ալի Բաբաջանը (կարո՞ղ է իր մայրն էլ է հայ, ու ինքն էլ Բաբաջանյան է. կարո՞ղ է մեզ դատի տա Ալին) ասել է, որ ԵՄ-ն հրաժարվել է «բաց դռների» քաղաքականությունից ու վերածվել «քրիստոնեական փակ ակումբի»:
Ի դեպ, օրերս ծանոթ մի փորձագետ կատակով ասաց. էդ Wikileaks-ը (հիշեք` Թունիսում և Եգիպտոսում հեղափոխության «պապան» Վիկն է) մեզ խնայում է, ոչ մի վատ բան մեր մասին գրեթե չի գրում. երևի նրա համար, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է:
Հա, մի բան էլ. էն Թոմաս Վալը «Սև այգի»-Ղարաբաղը թողել, օրերս անդրադարձել էր Կիրիլին` Ռուսիո պատրիարքին, ու Իլյային` Վրաստանի պատրիարքին, մի քիչ էլ մեր Գարեգին Երկրորդին, ասելով, որ նրանց գործունեությունը (մանավանդ առաջին երկուսի մասով) շատ մեծ ազդեցություն ունի քաղաքական զարգացումների վրա:
Իսկ սա արդեն և ընդհանրապես ավելի լուրջ քննարկման թեմա է` արձանագրելու, որ «վերևի»-«ներքևի», ենթագիտակցականի ու գիտակցականի, վիրտուալի ու վիզուալի փոխկապակցությունը, այո, 21-րդ դարում փոխվում է` փոխելով խաղը բոլոր մակարդակներում:
Էլ առավել` քաղաքական, և ով կարողանա շատ արագ որսալ այդ փոփոխությունն ու նրա «կոդը», խաղից դուրս չի մնա: Նաև կշահի:
Առայժմ ԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են դառնալ այդ կոդի տերը:
Կստացվի՞:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ